Հայաստանի իշխող կուսակցության մամուլի քարտուղար Էդվարդ Շարմազանովի հայտարարությունը կոռեկտ չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Նման հայտարարությունները բնորոշ են այն քաղաքական ուժերի համար, որոնք ղեկավարվում են տոտալիտար ռեժիմներին բնորոշ մոտեցումներով»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «Ակնհայտ է, որ առաջիկա տասնամյակում ՀՀԿ-ն իր ծավալներով, իր կազմակերպվածությամբ եւ քաղաքական ռեսուրսով շարունակելու է լինել քաղաքական դաշտի առաջատարը:

Իր հայտարարությամբ Հայաստանի նախագահը հստակ ընդգծեց, որ այն մարդկանց համար, որոնք իրենց տեսնում են պետության կառավարման վերին օղակներում, կա մեկ հիմնական ուղի. դա ՀՀԿ-ն է: Եթե ինչ-որ մեկը հավակնում է երկրի նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ուղին անցնում է Մելիք Ադամյան փողոցով (այստեղ է գտնվում ՀՀԿ կենտրոնական գրասենյակը-խմբ)»: