Հանրապետականը պիտի պարզաբանում տա առաջիկա տասնամյակում միակուսակցական դիկտատուրայի մասին ակնարկների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխող կուսակցության մամուլի քարտուղար Էդվարդ Շարմազանովի հայտարարությանը:

Ուրիխանյանի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Չեմ կարող չարձագանքել Հանրապետական կուսակցության խոսնակի այսօրվա հայտարարությանը: Այն, որ բոլոր ճանապարհները մոտ ու հեռավոր ապագայում իր խոսքերով անցնում են մեկ հասցեով, այն, որ առաջիկա տասնամյակում միմիայն Հանրապետականը կարող է հավակնել որոշումների կայացման դաշտ մտնելուն, այն, որ միայն Հանրապետականի միջոցով կարելի է երկրում հասնել բարձրագույն իշխանությանը ընդունվում է ոչ միայն զարմանքով, այլեւ համարվում է վիրավորանք թե´ մեր, թե´ մեր ոչ իշխանական գործընկերների, եւ թե´ Հանրապետական կուսակցությանը չընտրած հարյուր հազարավոր Հայաստանի քաղաքացիների համար:

Կարծում եմ Հանրապետականը պիտի պարզաբանում տա առաջիկա տասնամյակում միակուսակցական դիկտատուրայի մասին ակնարկների վերաբերյալ,  եւ արդյոք Հանրապետականը որպես անայլընտրանքային միակ միջոց ներկայացնելը կուսակցության պաշտոնական տեսակետն է, թե՞ ոչ: Միթե սրանով ակնարկվում է, որ մոտակա տաս տարին որեւէ այլ ուժ իրավունք չունի հավակնելու պատասխանատվություն ստանձնելուն»:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «Ակնհայտ է, որ առաջիկա տասնամյակում ՀՀԿ-ն իր ծավալներով, իր կազմակերպվածությամբ եւ քաղաքական ռեսուրսով շարունակելու է լինել քաղաքական դաշտի առաջատարը:

Իր հայտարարությամբ Հայաստանի նախագահը հստակ ընդգծեց, որ այն մարդկանց համար, որոնք իրենց տեսնում են պետության կառավարման վերին օղակներում, կա մեկ հիմնական ուղի. դա ՀՀԿ-ն է: Եթե ինչ-որ մեկը հավակնում է երկրի նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ուղին անցնում է Մելիք Ադամյան փողոցով (այստեղ է գտնվում ՀՀԿ կենտրոնական գրասենյակը-խմբ)»: