Թուրքիայում «Կապույտ գրքի» հետ կապված իրարանցումը սկսվեց թուրքական ընդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամ Շուքրու Էլեքդաղի Մեծ Բրիտանիայի խորհրդարան ուղարկած նամակից։ Դրանից հետո Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանը եւ լորդ Էվբրին «Կապույտ գրքի» թուրքերեն տարբերակն էլ հրատարակեցին, գրում է թուրքական «Hurriyet»-ը։

Շուքրու Էլեքդաղը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորների ստորագրությամբ նամակ է հղել Բրիտանական խորհրդարան։ Ըստ Էլեքդաղի, պատմաբան Առնոլդ Թոյնբիի կողմից պատրաստված «Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ վերաբերմունքը» անունով աշխատությունը, որը հայտնի է որպես «Կապույտ գիրք», հայ պատմաբանների կողմից օգտագործվող ամենակարեւոր աղբյուրներից մեկն է։

Արա Սարաֆյանը հունիսի 26-ին Անկարայում կազմակերպել էր մամուլի ասուլիս, որից հետո նույն օրը «Կապույտ գրքի» թուրքերեն տարբերակից մեկական օրինակ ուղարկեց բոլոր թուրք պատգամավորներին։ Սակայն որոշ ժամանակ անց գրքերը վերադարձվեցին «Բելգե» հրատարակչության ղեկավար Ռագըփ Զարաքոլուին։ Հայտնի դարձավ, որ հենց Շուքրու Էլեքդաղն է այնպես արել, որ գրքերը թուրք պատգամավորներին չհասնեն։ Նա ասել է, որ ինքը լսելով գրքերը բաժանելու մասին՝ իսկույն զգուշացրել է թուրքական խորհրդարանի նախագահին դրա մասին եւ նա արգելել է բաժանել գրքերը։ Շուքրու Էլեքդաղը նշել է, որ ինքը Արա Սարաֆյանից որեւէ հրավեր չի ստացել եւ ավելացրել է, որ Թուրքիայում լինի, թե Մեծ Բրիտանիայում ինքը պատրաստ է քննարկել «Կապույտ գրքի» հարցը։ Իսկ հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն շեշտել է, որ գրքերը պատգամավորներին հասցնելուն խոչընդոտելը քաղաքական սկանդալ է եւ նշել որ դա պատգամավորների կամքին հակառակ արված մի բան է։ Զարաքոլուն ավելացրել է, որ գրքերը կուղարկի պատգամավորների բնակության հասցեներով։

NEWS.am-ը հիշեցնում է, որ հայ-թուրքական հարաբերություններում նկատվող զարգացումները դրական գնահատելով հանդերձ՝ Արա Սարաֆյանը ասել է, որ դեռեւս կոնկրետ ոչինչ չկա: «Կապույտ գրքի» թուրքերեն տարբերակի առաջաբանի հեղինակ լորդ Էվեբրին համոզմունք է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների լավացումը երկու երկրների համար էլ դրական ազդեցություն կունենա: Նա ասել է , որ սահմանը բացելով Թուրքիան, եւ տնտեսական օգուտներ կստանա, ինչպես նաեւ այն դրական կանդրադառնա Թուրքիայի Եվրամիության անդամակցության գործընթացի վրա:

«Կապույտ գրքի» հեղինակներն են Լորդ Վիսկոնտ Բրայսը եվ հայտնի պատմաբան Առնոլդ Թոյնբին: Այն իրենից ներկայացնում է 1916 թվականին Բրիտանական խորհրդարանում արված մի զեկույց, որը փաստում է Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության իրողությունը: