Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանությունը հարցաքննում է Sinn Fein կուսակցության առաջնորդ Ջերի Ադամսին` 40 տարվա վաղեմության սպանության գործով: Ադամսը կամավոր ներկայացել է Անթրիմ կոմսության ոստիկանության բաժանմունք, ինչից հետո ձերբակալվել է:

Այրի եւ 10 երեխաների մայր 37-ամյա Ջին Մաքոնվիլը առեւանգվել էր Բելֆաստի իր բնակարանից եւ սպանվել Իռլանդիայի հանրապետական բանակի գրոհայինների կողմից` կեղծ մեղադրանքի պատճառով, թե իբր  ոստիկանության ինֆորմատորն է եղել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նրա մարմինը հայտնաբերվել էր միայն 2003 թ.:

Քննության ընթացքում ոստիկանությունը տվյալներ է  ստացել Մաքոնվոյլի սպանությանը մի շարք հայտնի անձանց, այդ թվում նաեւ Ջերի Ադամսի մասնակցության մասին:

Սպասվում է, որ 65-ամյա Ադամսը կարող է առաջիկա ժամերին բաց թողնվել գրավի դիմաց: Կնոջ սպանության մեջ մեղադրվում է նաեւ 77-ամյա Այվոր Բելը` ԻՀԲ-ի 1970-ականների առաջնորդներից մեկը: