2010 թվականի առաջին եռամսյակում, 2009թ-ի չորրորդ եռամսյակի համեմատ, անշարժ գույքի շուկայում գների աճ է նկատվել: Մասնավորապես՝ Երեւանում բնակարանների գներն աճել են 2.8 %-ով, իսկ մարզերում` 1.5 %-ով: Իսկ սեփական տան գները եւ Երեւանում եւ մարզերում աճել են 2.9 %-ով: Այս մասին այսօր` մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Պետական կադաստրի անշարժ գույքի գնահատման բաժնի պետ Արման Պետրոսյանը: Նրա խոսքով, թեեւ անշարժ գույքի օտարման գործարքներն աճել են, սակայն նվազել են վարձակալության գործարքները:

Անշարժ գույքի գնահատման բաժնի պետի ներկայացմամբ, անշարժ գույքի շուկայում գործարքների ու նաեւ գների աճ սկսել է գրանցվել 2009 թվականի սեպտեմբերից: 2010 թվականի առաջին եռամսյակում գործարքների թիվը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է մոտ 27.9 տոկոսով: Երեւանում իրականացվել է ընդհանուր գործարքների 32.2 տոկոսը: Մարզերում գործարքների առումով առավել ակտիվ են եղել Կոտայքի եւ Արարատի մարզերը:

Արման Պետրոսյանը նշեց նաեւ, որ հիշյալ ժամանակահատվածների միջեւ համեմատությունը ցույց է տվել, որ դրամի արժեզրկումը էական ազդեցություն չի ունեցել անշարժ գույքի շուկայում: