Շոտլանդիայի ուկրաինական համայնքը պահանջել է Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդից ներողություն խնդրել իր խոսքերի համար, ըստ որոնց ինքը «որոշ ասպեկտերով» հիանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինով:
Միաժամանակ, Պահպանողական, Լեյբորիստական եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների առաջնորդները համատեղ բաց նամակում Սալմոնդի խոսքերը «ծանր սխալ հաշվարկ» են անվանել:
«Նա զգալիորեն վերականգնեց ռուսական հպարտությունը, եւ դա, անկասկած, լավ է»,-հայտարարել է Ալեքս Սալմոնդը՝ GQ ամսագրին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչ վերաբերմունք ունի Պուտինի նկատմամբ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սալմոնդի կարծիքով՝ իր խոսքը բավարար չափով հավասարակշռված է եղել, քանի որ նույն հարցազրույցում ինքը քննադատել է Պուտինին՝ Ուկրաինայի հանդեպ նրա քաղաքականության եւ հենց Ռուսաստանում մարդու իրավունքների խախտումների համար:
Ալեքս Սալմոնդը Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդն է եւ Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացման հարցով հանրաքվեի նախաձեռնողներից մեկը: Հանրաքվեն նշանակված է այս տարվա սեպտեմբերին:




























