Լոռիի մարզում շարունակվում են ապրիլի 21-ից անհետ կորած 77-ամյա Վլադիմիր Մկրտչյանի որոնողական աշխատանքները: Այս մասին NEWS.am-ին ասաց անհետ կորածի հարազատներից Վարդան Մկրտչյանը:
«Երեկ նորից գետն ենք նայել հատուկ սարքերով, բայց անօգուտ: Վրաստանի ոստիկանությունից էլ նորություն չկա, անձամբ ինքս մի քանի անգամ մաքսատուն եմ գնացել, բայց այնտեղ էլ չեն տեսել: Ոնց որ համբարձված լինի, գոնե մի կոշիկ, շոր գտնենք, բայց չկա ու չկա»,- ասաց նա:
Վարդանի խոսքով՝ ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցներն ու ԱԻՆ փրկարարներն այսօր վաղ առավոտյան նորից սկսել են որոնողական աշխատանքները, չնայած աշխատանքային օր չէ:
Նշենք, որ 77-ամյա Վլադիմիր Մկրտչյանը վերջերս էր Հայաստան վերադարձել ու ապրիլի 21-ին գնացել էր Լոռու մարզի Սվերդլով գյուղ՝ ծնողների շիրիմին այցելության եւ մանկությունն անցկացրած տարածքներում շրջելու, որից հետո անհետացել էր: Արդեն ութերորդ օրն է, որ նրան փնտրում են:




























