Գորիսում քաղաքապետի հավանական թեկնածուներն են անկուսակցական, «ԳԱՄՄԱ» գործարանի սեփականատեր Տիգրան Կարապետյանն ու անհատ ձեռներեց Յողլյան Հրայրը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին իր աղբյուրները:

Տիգրան Կարապետյանին Գորիսում գրեթե բոլորն են ճանաչում: Հավանական է, որ հենց նա էլ ընտրվի քաղաքապետ: Անցած տարվա սեպտեմբերին Սյունիք կատարած այցի ժամանակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Կարապետյանին պատկանող գործարան եւ ծանոթացել աշխատանքներին:

Մյուս հավանական թեկնածուն՝ Յողլյան Հրայրը, նորից անկուսակցական է, Գորիսում խանութ ունի: Շատ քիչ է հավանականությունը, որ գորիսեցիներն իրենց ձայնը կտան Հրայրին:

Մեր տեղեկություններով Հանրապետական կուսակցությունը դեռ չի որոշել՝ թեկնածու առաջադրելու է, թե ոչ, իսկ ներկայիս քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը որոշել է չառաջադրվել:

«Երեւի հոգնել է, 14 տարի Գորիսի քաղաքապետն է, այնպես որ ամենայն հավանականությամբ նա իր թեկնածությունը չի դնի»,- նշեց մեր աղբյուրը:

Նշենք, որ Գորիսում քաղաքապետի ընտրությունը կկայանա հունիսի 9-ին, իսկ թեկնածուների առաջադրման ժամկետը մայիսի 4-ից 9-ն է:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ցանկանում է Գորիսի քաղաքապետի պաշտոնում տեսնել «իր մարդուն»: