Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն որոշակի պարզություն է մտցրել Յունուս ամուսինների՝ երկրից մեկնելու փորձի հարցում:
«Լեյլա Յունուսը վիզա է ստացել Ֆրանսիայի դեսպանատանը երկուշաբթի վաղ առավոտյան, բայց դա որեւէ կերպ կապված չի եղել նրա՝ քննությունից խուսափելու հետ: Ինչ վերաբերում է նրան, որ մենք ԱՄՆ դեսպանի հետ միասին Յունուս ամուսիններին ուղեկցել ենք օդանավակայան, ապա մենք գնացել ենք նրա խնդրանքով:
Բացի այդ, մենք ուղեկցել ենք նրան, քանի որ մտավախություն ենք ունեցել այսպես կոչված Ռաուֆ Միրկադիրովի գործի նկատմամբ նրա ներգրավվածության հետ կապված»,- haqqin.az-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պատճառներից ելնելով է ինքը օդանավակայան ուղեկցել իրավապաշտպան Լեյլա Յունուսին:
«Որքան գիտեմ, նա պետք է մասնակցեր Բրյուսելի կոնֆերանսին, որին հրավիրված էր։ Կրկնում եմ, նա ցանկացավ, որ մենք իրեն ուղեկցենք օդանավակայան, եւ մենք գնացինք հետը»,- պնդում է դեսպանը։
Պատասխանելով հարցին՝ դիվանագետներից ով է նախագահի աշխատակազմ դիմել Լ. Յունուսին երկրից գնալ թույլատրելու համար, Պ. Մոնյեն նշել է. «Ֆրանսիան սերտ եւ ամուր հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։ Մենք լավ երկխոսում ենք նախագահի աշխատակազմի հետ։ Սա շատ կարեւոր է հարաբերությունների ներկա մակարդակի պահպանման համար։ Այդ պատճառով դրանում դատապարտելի ոչինչ չեմ տեսնում։
Մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանի եթերում Լեյլա Յունուսը հայտարարել էր, որ իրեն սպառնում են: «Ապրիլի 28-ին ինձ սպառնալիքներով զանգահարել էր դատախազության անանուն մի աշխատակից: Նա ասաց, որ «քեզ կբռնաբարեմ Արիֆի աչքի առաջ, իսկ Արիֆին` քո աչքի առաջ, եւ դու կստորագրես ամեն ինչ: Գործածեցին «շիշ» բառը: Արիֆի վիճակի վատացման պատճառը հենց դա է», - հայտարարել է Լեյլան: Գլխավոր դատախազության մամուլի ծառայության պետ Էլդար Սուլթանովը պատասխանել է Լեյլա Յունուսին. «Եթե Լեյլա Յունուսը ներկայացնի իրեն զանգահարողի հեռախոսահամարը, մենք կպարզենք նրա ինքնությունը եւ համապատասան միջոցներ կձեռնարկենք»:




























