Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է անկախ բժիշկների՝ պարզելու համար արդյոք առողջական խնդիրներ ունեցող դերասանին ճիշտ է մեկուսարանում՝ փակ տարածքում պահելը: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբանը:
«Երեկ այցելել եմ, սրտի եւ թոքի խնդիրներ ունեցող մարդուն պահում են փակ տարածքում: Նույն մեկուսարանն է, տարբերություն չկա: Հիվանդ մարդու համար իմ կարծիքով վատ պայմաններ են, այդ պատճառով դիմել եմ անկախ բժիշկների, որպեսզի հասկանանք՝ ինչքանով է ճիշտ նման խնդիրներ ունեցող մարդուն այս պայմաններում պահելը»,- ասաց նա:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կանաչապատ տարածք կար, դերասանն անընդհատ հնարավորություն ուներ մաքուր օդում զբոսնելու, իսկ «Նուբարաշեն»-ում նման պայմաններ չկան:
«Նուբարաշեն»-ում օրական մեկ ժամ ունի կալանավորը զբոսնելու համար, բացի դրանից փակ տարածք է ամբողջությամբ»,- նշեց փաստաբանը:
Նշենք, որ դերասանին «Նուբարաշեն» ՔԿՀ են տեղափոխել ապրիլի 29-ին՝ առանց հարազատներին եւ նույնիսկ փաստաբանին տեղյակ պահելու:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «ՎԱԶզ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























