«Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի են, դատական նիստը նշանակվել է մայիսի 7-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քյարամ Ամոյանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը:

«Արդյունքների պատճենն ինձ մոտ է, սակայն չեմ ցանկանում հիմա այն հրապարակել, մայիսի 7-ին դատավորը կներկայացնի այն: Ասեմ միայն, որ պաշտպանյալիս առողջական վիճակն ավելի է վատացել, երեկ ստիպված սիստեմա են միացրել, նյարդաբան են հրավիրել, որը նույնպես հաստատել է, որ նյարդական համակարգն ամբողջությամբ խառնված է: Հետեւություններ ինքներդ արեք»,- ասաց նա:

Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ Քյարամի առողջական վիճակի վրա ազդել է նաեւ հոր մահը:

Նշենք, որ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին որոշումը Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր դեռ փետրվարի 19-ին: Այդ ժամանակ հայտարարվել էր, որ նիստը կկայանա այն ժամանակ, երբ փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն:

«Դատարանը որոշեց Քյարամ Ամոյանին դատահոգեբուժական փորձաքննության ուղարկել եւ պարզել երկու հարց. արդյոք վերջին փորձաքննությունից հետո Քյարամի վիճակը վատթարացել է, եւ արդյոք նա կարող է մասնակցել փորձաքննչական աշխատանքներին։ Փորձաքննությունը կկատարի Առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր փորձագիտական հանձնաժողովը»,- ասել էր դատավոր Մեսրոպ Մակյանը:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: