«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում երեկ՝ ապրիլի 30-ին, ինքնասպանության փորձ կատարած կալանավոր Հովհաննես Առաքելյանն է, որն ազատազրկման է դատապարտվել ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 1-ին մասի` ավազակություն կատարելու հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը:
«Նա փորձել է ծառւից կախվել, սակայն չի կախվել, առողջական խնդիրներ եւ մարմնական վնասվածքներ չունի: Իսկ ինքնասպանության փորձ է կատարել, երբ ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը մերժել է նրա` պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումը»,- ասաց նա:
Ղլեչյանի խոսքով՝ Հովհաննես Առաքելյանը ժամանակին «Սեւան» ՔԿՀ-ից փախուստ կատարելու փորձ է արել եւ ՔԿՀ-ում հաշվառված է որպես փախուստի հակում ունեցող դատապարտյալ, այսինքն` նրա վարքագիծը բնութագրվում է բացասական:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալը երեկ փորձել է ինքնասպանություն գործել՝ իրեն ծառից կախելով, սակայն ՔԿՀ աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնասպանությունը:




























