Ոստիկաններին քիչ առաջ հաջողվել է Ծովասարի բնակիչ Կամո Սահակյանից վերցնել 1 տարեկան երեխային, որի հետ վերջինս սպառնում էր ձորը նետվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Ծովասարի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը:

«Եղբոր թոռան հետ էր, կանգնել էր ձորի մոտ գտնվող մեծ քարի վրա եւ սպառնում էր երեխայի հետ ցած նետվել: Բարեբախտաբար, ոստիկաններն ու փրկարարները կարողացան նրանց անվնաս իջեցնել քարի վրայից: Այս պահին ոստիկանությունը Կամոյին տանում է բաժին՝ հասկանալու համար, թե ինչ անեն հետագայում»,- ասաց նա:

Գյուղապետի խոսքով՝ 1 տարեկան երեխան էլ է լավ, վնասվածքներ չունի, իսկ Կամո Սահակյանն էլ հոգեկան խանգարում ունի, գյուղում միայնակ է ապրում:

«Երկու տղա ունի, որոնք Երեւանում են ապրում, կինն էլ է որդիների հետ»,- ավելացրեց Արտաշես Մխիթարյանը:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում քաղաքացին (մոտ 55 տարեկան) սպառնում է 1 տարեկան երեխայի հետ նետվել ձորը: