Հայ կոմունիստների` Երեւանում կազմակերպված մայիսմեկյան երթը Ռուսաստանի դեսպանատան մոտ ակցիայով է ավարտվել: Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ՌԴ դիվանագիտական առաքելության շենքի առաջ մի քանի հարյուր կոմունիստներ «Ռուսաստան, Ռուսաստան» են գոչել, այնուհետեւ եվրասիական մայիսմեկյան երթի մասնակիցների ուղերձն է ընթերցվել, որում մասնավորապես ասվում է.
«Մենք` երեւանյան մայիսմեկյան բազմաքանակ երթի մասնակիցներս, սույնով դիմում ենք Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի դաշնության, ինչպես նաեւ Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի ժողովուրդներին եւ կոչ անում այս որոշիչ փուլում առավելագույն աջակցությունը ցուցաբերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախաձեռնված հսկայածավալ ինտեգրացիոն գործընթացներին:
Հայաստանի` ՄՄ-ին ակնկալվող անդամակցությունը լուծում է դարձել բազմաչարչար հանրապետության խնդիրներին, երկրին առաջին քայլը` 2015թ. հուվարի մեկին Եվրասիական միության ստեղծման գործընթացին մասնակցելու ճանապարհին: Մենք, ակցիայում Երեւանը եւ հանրապետության շրջանները ներկայացնող մասնակիցներս, համոզված ենք, որ Եվրասիական միությունը առաջին, բայց ամուր աստիճանը կդառնա հետխորհրդային տարածքում նոր ձեւաչափով միացյալ պետության անխուսափելի վերականգնման բարդ ճանապարհին»:
Ուղերձում անդրադարձ է արվում նաեւ Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին: «Ուկրաինան այսօր մեր ընդհանուր ցավն է: Այդ երկիրը ամերիկա-եվրոպական ցինիկ դավադրության ասպարեզ է դարձել, որի արդյունքում Կիեւում պետական հեղաշրջում է իրականացվել, եւ իշխանության ղեկին են հայտնվել նեոնացիստներ: Ուկրաինայի ժողովրդի փրկության գործում հիմնական դերակատարումը Ռուսաստանին է տրված, եւ առաջին արդյունքներն արդեն կան. Ղրիմը, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղը քառորդ դար առաջ, ինքնորոշվել է` միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան»-ասվում է ուղերձում:
Այնուհետեւ երթի մասնակիցները հարեւանությամբ գտնվող Կիրովի անվան մանկական այգի են տեղափոխվել, որտեղ տոնական համերգ է սկսվել:



























