Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ից հետո բարոյական իրավունք չունի քաղաքականության վերադառնալու: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը՝ անդրադառնալով նրան, որ Քոչարյանի հարցազրույցներն ու հասարակության մեջ երեւալը խոսում է նրա վերադարձի մասին:
«Ակտիվացել է, հետո՞, թող ակտիվանա, սա ոչինչ չի տա Քոչարյանին: Ես իմ տեսակետն ունեմ, որ Քոչարյանը չի վերադառնա: Նա վերադառնալու իրավունք չունի, քննադատելու իրավունք չունի, սա ասում եմ բարոյական տեսանկյունից, ոչ թե իրավական կողմից»,- ասաց նա:
Արամ Կարապետյանը համոզված է, որ մարտի 1-ի մեղավորն իրավունք չունի նորից իշխանության վերադառնալու:
«Քոչարյանի ամբողջ կառավարման համակարգն ավարտվեց մարտի 1-ով, երբ որ անզեն մարդկանց գնդակահարեցին, եթե այսպիսի ավարտից հետո մարդիկ բարոյական են համարում, քաղաքական ուժերը բարոյական են համարում, ուրեմն բան չունեմ ասելու, սակայն պետք չէ մոռանալ, որ Յանուկովիչն էլ էր համոզված, որ իրեն ամեն ինչ թույլատրված է, տեսաք՝ ինչ եղավ: Մարդկանց թվում է, թե կարող են իրենց քաղաքական ճանապարհն անցնել դիակներով եւ արյունով ու էդքանից հետո գան իշխանության: Ես ինքս մարտի 1-ի դեպքերը չեմ մոռացել ու նորից եմ ասում, որ իրավունք չունի վերադառնալու»,- ավելացրեց կուսակցության առաջնորդը:
Նշենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին ամիսներին ակտիվացել է, պարբերաբար հարցազրույցներ է տալիս՝ խոսելով երկրի ներկայիս վիճակի մասին, քննադատելով գործող իշխանություններին: Քաղաքական շատ վերլուծաբաններ եւ նույնիսկ քաղաքական գործիչներ կարծում են, որ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ:



























