Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը լուծեց միանգամից երկու հարց. փակուղի մտցրեց «հրաշալի քառյակին», իսկ Քոչարյանին կադրերին նշանակեց նախարարներ, որպեսզի ապահովեն երկրորդ նախագահի ասած տնտեսության երկնիշ աճը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:
«Քառյակը միացել եւ պահանջում էր Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Սերժ Սարգսյանը փոխեց նրան, եւ քառյակը փակուղի մտավ, լուծեց այդ ուժերի հարցը: Իսկ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե «իմ ժամանակ տնտեսության երկնիշ աճ ենք ապահովել», Սերժ Սարգսյանն ասաց՝ հիմա քո նախարարներին եմ նշանակում, տեսնենք՝ ոնց եք ապահովում»,- ասաց նա:
Արամ Կարապետյանի խոսքով՝ ցանկացած պարագայում Սերժ Սարգսյանը հաղթողի դերում կլինի:
«Նախագահն ինքն էլ է հասկանում, որ այդ ժամանակվա աճը լրիվ այլ բանի հետ էր կապված: Հովիկն էլ, որը Քոչարյանի օրոք տարածքային կառավարման նախարարն էր, նշանակվեց վարչապետ, որպեսզի ապահովվի երկնիշ աճը: Կապահովեն, շատ լավ, Սերժ Սարգսյանը կհայտարարի՝ տնտեսությունն աճում է, չի ապահովի, նախագահը կդիմի Քոչարյանին՝ բա ի՞նչ տնտեսական աճի մասին էիք խոսում»,- ավելացրեց կուսակցության առաջնորդը:
Նշենք, որ կառավարության կազմի 90 տոկոսն արդեն հայտնի է: Քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ նոր կառավարությունում հենց Քոչարյանի կադրերն են:



























