Մայիսի 1-ին Ստամբուլի ոստիկանները ջրցան մեքենաների եւ արցունքաբեր գազի միջոցով մի քանի հարյուր ցուցարարների են ցրել:

Նախօրեին իշխանություններն արգելել էին քաղաքի կենտրոնում գտնվող Թաքսիմ հրապարակում աշխատանքի օրվա կապակցությամբ ակցիա կազմակերպել: Այսօր արդեն ոստիկանները նախ պահանջել են, որ ցուցարարները հեռանան հրապարակի շրջագծով տեղադրված արգելապատնեշից: Իսկ երբ նրանցից մի քանիսը փորձել են արգելագծից ներս թափանցել, իրավապահները որոշել են ուժ կիրառել: Իշխանությունները պնդում են, որ ոստիկանների ուղղությամբ քարեր եւ վառելիքով լի շշեր են նետվել, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով, քաղաքում գրեթե 40 հազար իրավապահներ են հերթապահում, որոնցից միայն 19 հազարը` Թաքսիմ հրապարակն ընդգրկող տարածքում:

Քաղաքային իշխանությունները ցույցեր կազմակերպելու արգելքի մասին որոշումը հատուկ ծառայություններից ստացված տեղեկություններով եմ հիմնավորում: Համաձայն օպերատիվ տվյալների, «մի խումբ ահաբեկիչներ» Ստամբուլի կենտրոնում հարձակում իրականացնելու մտադրություն են ունեցել:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցարարներին խորհուրդ էր տվել «հրաժեշտ տալ Թաքսիմ հրապարակում ակցիաներ կազմակերպելու երազանքին»: Նախորդ տարի հենց այդտեղ էին կառավարության դեմ ամենալայնածավալ բողոքի ակցիաները կազմակերպվել, նշում է n-tv հեռուստաալիքի ինտերնետ-պորտալը: