Հայաստանի իշխանությունների առջեւ դրված երկու կարեւորագույն խնդիրները՝ տնտեսության մոնոպոլիզացման դեմ պայքարը եւ Մաքսային միությանն անդամակցելու հարցը, նոր կառավարությունը լուծել չի կարող: NEWS.am-ի հետ զրույցում ձեւավորվող նոր կառավարության մասին այսպիսի կարծիք հայտնեց Քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Չեմ կարծում, որ նոր կառավարությունն ավելի լավ է աշխատելու: Կարեւորագույն խնդիրները տնտեսության մոնոպոլիզացիայի եւ Մաքսային միության հետ կապված, նրանք լուծել չեն կարողանա: Հասարակությանը նույնպես այս նշանակումը ոչինչ չտվեց»,- ասաց նա:

Թե ինչու էր պետք այս փոփոխությունը, Աղասի Ենոքյանն իր դիրքորոշումն ունի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կադրերին բերելու. «Սերժ Սարգսյանը այս փոփոխությամբ պարզապես ցանկանում էր բողոքների դեմն առնել, նախկին կառավարության դեմ բողոքող ուժին տալ իր ցանկացած կառավարությունը: Այս դեպքում էլ խոսքը միանաշանակ ԲՀԿ-ի մասին է, որովհետեւ քառյակի մյուս ուժերին ոչ Բարգավաճը, ոչ էլ Հանրապետականը լուրջ չեն վերաբերվում»:

Նշենք, որ «հրաշալի քառյակը» մարտին պաշտոնապես հայտարարեց, որ ապրիլի 28-ին խորհրդարանում պահանջելու են կառավարության հրաժարականը: Այս հայտարարությունից ընդամենը օրեր անց Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ նրա փոխարեն վարչապետ ընտրվեց Հովիկ Աբրահամյանը, որն ըստ վերլուծաբանների՝ ԲՀԿ-ի սրտով է: