Ես որեւէ տեղ որեւէ բիզնես չեմ տեղափոխել, այն էլ Ռուսաստանի տարածքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը` անդրադառնալով այն լուրերին, ըստ որի ինքը վերջերս Մոսկվայի մերձակայքում նոր բիզնես է ձեռք բերել կամ Հայաստանում ունեցածը երկրից դուրս է հանել: Ալիկ Սարգսյանի բիզնես ծրագրերի առաջխաղացման մասին NEWS.am-ին տեղեկություններ էին հասել իր մերձավոր շրջապատից:
«Եթե հանած լինեի, ես կասեի՝ ի տարբերություն շատերի, ես ոչ մեկից որեւէ բան չունեմ թաքցնելու: Եթե հանեի, պատիվս չէր գցելու, որ ձեզ չասեի»,-վստահեցրել է նախկին ոստիկանապետը:
Ալիկ Սարգսյանը նշել է նաեւ, որ նոր ձեւավորվող կառավարությունում իրեն որեւէ պաշտոնի առաջարկ չեն արել. «Ինձ որեւիցե առաջարկ չեն արել, չեմ էլ ուզում այդ հարցը քննարկել: Այս պահի դրությամբ, օրը` մայիսի 1, ինձ որեւէ առաջարկ չեն արել որեւէ տեղի համար»,-ասել է նախագահի խորհրդականը: Վերջինս անդրադառնալով կառավարության հրաժարականին, նշել է. «Շատ լավ եմ վերաբերվում այդ փոփոխություններին, մեր երկրում պատահական բան չի լինում»:



























