Չարժե նույնիսկ մեկնաբանել Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, պետք է ուղղակի բացատրել իշխող ՀՀԿ-ին եւ միջոցներ ձեռնարկել, որ հայաստանում իշխող քաղաքական էլիտան չձեւավորվի միայն Մելիք Ադամյան փողոցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբացկության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը:
«Հայաստանում իշխող էլիտան պետք է ձեւավորվի ողջ երկրում: Ի վերջո, պետք է ժամանակ անցնի, մինչեւ իշխող էլիտային կընտրի ժողովուրդը արդար ընտրությունների միջոցով»,-հայտարարել է պատգամավորը:
Հարցին, ում էր ուղղված Շարմազանովի մեսիջը, Պողոսյանը պատասխանեց, որ այն ուղղված էր երկրի բոլոր քաղաքական ուժերին, ինչպես նաեւ հենց ՀՀԿ-ին. «Իշխող կուսակցությունում կա մրցակցություն եւ, ըստ ամենայնի, հենց նրանց էր ուղղված այդ մեսիջը»:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «Ակնհայտ է, որ առաջիկա տասնամյակում ՀՀԿ-ն իր ծավալներով, իր կազմակերպվածությամբ եւ քաղաքական ռեսուրսով շարունակելու է լինել քաղաքական դաշտի առաջատարը:
Իր հայտարարությամբ Հայաստանի նախագահը հստակ ընդգծեց, որ այն մարդկանց համար, որոնք իրենց տեսնում են պետության կառավարման վերին օղակներում, կա մեկ հիմնական ուղի. դա ՀՀԿ-ն է: Եթե ինչ-որ մեկը հավակնում է երկրի նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ուղին անցնում է Մելիք Ադամյան փողոցով (այստեղ է գտնվում ՀՀԿ կենտրոնական գրասենյակը-խմբ)»:




























