Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ. արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն այցելել է Թուրքիայի վարչապետի նստավայր եւ հանդիպում անցկացրել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մայիսի 1-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ. արք. Արամ Աթեշյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե իրենք չեն կարող չնկատել, որ առաջին անգամ թուրք վարչապետը ցավակցել է հայերին:
«Մենք չենք ուզում, որ այս խաղաղության ճյուղը չորանա: Ուզում ենք, որ այն ծաղկի եւ բերք տա: Այդ բերքի համար բոլորի աջակցության կարիքը կա: Վարչապետի ուղերձն արժանացել է հայ համայնքի մեծ մասի հավանությանը: Եկեք ձեռք-ձեռքի տանք եւ խաղաղության կամուրջի կառուցման համար դերակատարություն ստանձնենք»,-ասել է արք. Աթեշյանը՝ նշելով, որ կա նեխած դիակ, որի հոտը խանգարում է երկու ժողովուրդներին:
Նշենք, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը ապրիլի 24-ից առաջ ցավակցություն է հայտնել 1915-ի զոհվածներին, սակայն իր հայտարարության տեքստում կրկին չի հեռացել պաշտոնական ժխտողական թեզից։




























