Բաքուն օգտագործում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների վատթարացումը եւ մասնավորապես` Արեւմուտքի ողջ ուշադրության` դեպի Ռուսաստանը եւ Ուկրաինան շեղված լինելու հանգամանքը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը` անդրադառնալով ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի, իրավապաշտպան Լեյլա Յունուսի եւ վերջինիս ամուսնու` Արիֆ Յունուսի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված «ազգային դիվանագիտության» նախագծերին մասնակցություն ցուցաբերելու համար կալանքի տակ առնելու մասին լուրերին:
Քաղաքագետի խոսքով, միանգամայն հասկանալի է Ադրբեջանի «պղտոր ջրում ձուկ որսալու» քաղաքականությունը, այսինքն` արա գործդ, երբ բոլորն ուրիշ հարցերով են զբաղված: «Այն, որ եւ Միրկադիրովի, եւ Յունուս ամուսինների գործունեությունը Բաքվին նյարդայնացնում էին` փաստ է: Որ նրանք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երեւի թե միակ կապի միջոցներն էին` դա էլ է փաստ: Լրտեսության մեղադրանքն, իհարկե, մտացածին է, երեւակայական դաշտից»,- արձանագրել է Ալեքսանդր Սկակովը:
Ի պատասխան հարցի, թե արդյոք դա հերթական անգամ չի ապացուցում, որ ադրբեջանական կողմիը պատրաստ չէ եւ չի ցանկանում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը, քաղաքագետն ընդգծել է. «Իհարկե` ապացուցում է. Բաքուն Ղարաբաղի խնդրի ուժային լուծման համար հարմար ժամանակ է փնտրում»:
Հիշեցնենք, որ Ռաուֆ Միրկադիրովը ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կալանավորվել էր ապրիլի 19-ին: Նա 2008թ. ապրիլ ամսից Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ է կասկածվում: Երկրի գլխավոր դատախազությունը պնդում է, որ լրագրողը բազմիցս հանդիպումներ է ունեցել Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ եւ նրանց` Ադրբեջանի հասարակա-քաղաքական կյանքին եւ ռազմական ոլորտին առնչվող հանձնարարություններն իրականացրել:
Ապրիլի 28-ին Ադրբեջանում կալանվել են նաեւ իրավապաշտպան Լեյլա Յունուսը եւ նրա ամուսինը` հայտնի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը:




























