Առաջիկա օրերին Կառավարության կազմում եւ Ազգային ժողովում թափուր մնացած պաշտոններին նշանակումներ կլինեն: NEWS.am-ի տեղեկություններով՝ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում կնշանակվի ՕԵԿ-ից դուրս եկած, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ բիզնես շահեր ունեցող Սերգո Կարապետյանը, իսկ սպորտի եւ երիտասարդության հարցերի «լեգենդ նախարար» Յուրի Վարդանյանի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը:
Շաբաթվա առաջին օրերին կլինի ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ նշանակվելու վերաբերյալ հրամանը: Ի դեպ, առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը եւ նրա որդին տեւական ժամանակ է՝ չեն պատասխանում հեռախոսազանգերին:
Փոփոխություններ են սպասվում նաեւ մարզպետների շրջանում: Պաշտոնանկ արված բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշանակվելու է Կոտայքի մարզպետ՝ ներկայիս մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փոխարեն: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի բնապահապանության նախարար նշանակվելուց հետո մարզպետ է նշանակվելու Հովիկ Աբրահամյանի մտերիմ, Ջրային պետական կոմիտեի պետի տեղակալ Ռուբիկ Աբրահամյանը: Հնարավոր է պաշտոններին հրաժեշտ տան Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Ինչ վերաբերում է Ազգային ժողովում առաջացած թափուր պաշտոններին, NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պարտականությունները համատեղության կարգով հնարավոր է կատարի ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի՝ ԱԺ պեաաիրավական հանձնաժողովի նախագահ նշանակվելուց հետո խմբակցության քարտուղարի պարտականությունները կդրվեն Գագիկ Մելիքյանի վրա: Ի դեպ, Կարեն Ճշմարիտյանի եւ Դավիթ Հարությունյանի փոխարեն ԱԺ պատգամավորներից պետաիրավական հանձնաժողովում ընդգրկել են վերջերս մանդատ ստացած Գագիկ Մելիքյանը եւ Վահրամ Մկրտչյանը:
NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին նաեւ, որ ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու եւ Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո թափուր մնացած Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը հնարավոր է զբաղեցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր Արկադի Ղուկասյանին, որպեսզի պարզեր, թե որքանով են իրականությանը համապատասխանում իր՝ ԱԱԽ քարտուղար նշանակվելու մասին լուրերը, ինչին ի պատասխան ԼՂՀ նախկին նախագահն ասաց. «Ցտեսություն, ազիզ ջան, ցտեսություն» եւ անջատեց հեռախոսը:



























