Սլավյանսկում մարտեր են ընթանում դաշնայնացման կողմնակիցների եւ ուկրաինացի ուժայինների միջեւ։ Այս մասին «Թվիթերում» հայտնում են այդ քաղաքի դեպքերը լուսաբանող ռուսական լրատվամիջոցների թղթակիցները։
Տեղեկության համաձայն՝ քաղաքի բնակիչներին արթնացրել են ձայնային տագնապի ազդանշանները, որոնք իբր Սլավյանսկում հատուկ գործողության անցկացում են նշանակում։
Բացի այդ, ըստ մամուլի, լսելի են պայթյուններ եւ կրակոցներ, երեւում են ուղղաթիռներ եւ ցամաքային զրահատեխնիկա։
Մարտերն առայժմ տեղի են ունենում քաղաքի ծայրամասերում։ Գրոհը սկսվելուց հետո եկեղեցիները սկսել են հնչեցնել զանգերը։ Քաղաքը բոլոր կողմերից արգելափակված է։
Ըստ «Տեղեկատվական դիմակայության» ղեկավար Դմիտրի Տիմչուկի՝ ուկրաինացի ուժայինները վերահսկողության տակ են վերցրել Սլավյանսկի մեծ մասը։ Հաղորդվում է նաեւ ուկրաինական խփված ՄԻ-24 ուղղաթիռի մասին։
Ավելի ուշ Սլավյանսկի ինքնապաշտպանության ակտիվիստները հայտնել են, որ քաղաքում ուղղաթիռ է խփվել։
Որոշ ապստամբներ պնդում են, որ եւս մեկ ուղղաթիռ կրակ է բացել ցամաքի վրա, ի պատասխան՝ հրթիռ է արձակվել, եւ ուղղաթիռը խփել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ակտիվիստներին։ Ըստ նրանց՝ ակտիվ փոխհրաձգություն է տեղի ունենում երկաթուղու կայարանի եւ հեռուստակենտրոնի շրջանում։
Ապստամբները զինված են ինքնաձիգներով եւ բռնկվող խառնուրդով լի շշերով։ Մարդիկ անվադողեր են այրում՝ ուկրաինացի զինվորականների մուտքը խոչընդոտելու համար։




























