Երկու տասնամյակ հետո, որի ընթացքում ՆԱՏՕ-ն փորձում էր գործընկերային հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, Հյուսիսատլանտյան դաշինքը ստիպված է Մոսկվային նորից որպես թշնամի դիտարկել, հայտարարել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն։
«Ակնհայտ է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին թշնամի է հռչակել, այդ պատճառով էլ մենք պետք է այժմ սկսենք Ռուսաստանին ոչ թե որպես գործընկեր, այլ՝ թշնամի դիտարկել», - լրագրողներին է ասել Վերշբոուն։ Ըստ նրա՝ Ղրիմի բռնակցումը եւ Մոսկվայի ազդեցությունն Ուկրաինայի արեւելյան շրջաններում՝ արմապատես փոխել են հարաբերությունները դաշինքի եւ Ռուսաստանի միջեւ, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով AP-ը։
«Կենտրոնական Եվրոպայում մենք երկու տարբեր հայացք ունենք այն հարցի շուրջ, թե ինչպիսին պետք է լինի եվրոպական անվտանգությունը։ Մենք նախկինի պես կպաշտպանենք անկախությունը եւ Ռուսաստանի հարեւանների ընտրության ազատությունը՝այն ժամանակ, երբ Ռուսաստանը կրկին փորձում է նրանց պարտադրել իր հեգեմոնիան եւ սահմանափակել նրանց ինքնիշխանությունը՝ ռեւսաստանցիներին պաշտպանելու անվան տակ», - հայտարարել է քաղաքական գործիչը։



























