Ծովասարի բնակիչ Կամո Սահակյանը, որը երեկ՝ մայիսի 1-ին, փորձել էր եղբոր 1 տարեկան թոռնիկի հետ նետվել ձորը, տեղափոխվել է Սեւանի հոգեբուժական հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ին ասաց Ծովասարի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը:

«Շտապօգնությունը զննեց եւ որոշեց Կամոյին հոգեբուժարան տեղափոխել: Հարազատների խոսքով Կամոն միշտ էլ հոգեկան խնդիրներ է ունեցել, Ռուսաստանում մի քանի անգամ հոգեբուժարան է պառկել»,- ասաց նա:

Գյուղապետի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, որ Կամոն ցանկանում է ինքնասպանություն գործել: Աշնանը Մոսկվայում Ծովասարի բնակիչը նետվել էր 4-րդ հարկից, որից հետո նրան ուղարկել էին Հայաստան:

«Գրեթե միշտ Ռուսաստանում է ապրել, գալուց էլ մի քանի շաբաթով էր գալիս ու գնում: Էս առաջին դեպքն էր, որ այսքան երկար մնաց»,- ավելացրեց Արտաշես Մխիթարյանը:

Նշենք, որ Կամո Սահակյանը գյուղում մենակ էր ապրում, կինն ու երկու որդիները բնակվում են Երեւանում:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում քաղաքացին (մոտ 55 տարեկան) սպառնում է 1 տարեկան երեխայի հետ նետվել ձորը: Ոստիկաններին եւ փրկարարներին հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը: