Սլավյանսկ քաղաքի անցակետերից մեկի մոտ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի երրորդ ուղղաթիռն է խփվել: «Ռոսսիա 24» հեռուստաալիքի հաղորդմամբ, «Մի-24-ը բառացիորեն պայթել է օդում. անձնակազմի մասին տեղեկություններ չկան»:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքի ինքնապաշտպանական ուժերը Ուկրաինայի ռազմաօդային ուժերի երկու ուղղաթիռ են խփել. օդաչուներից մեկը զոհվել է, մյուսին հիվանդանոց են տեղափոխել:

Բացի այդ, կարճ փոխհրաձգություն է գրանցվել հեռուստաաշտարակի մոտ: Ժողովրդական աշխարհազորայինների տվյալներով, «կանխվել է ուկրաինական ստորաբաժանումներ գրոհը»:

Միջադեպից հետո քաղաքի վրայով ռազմական ավիացիա այլեւս չի շրջում: Պայթյուններ եւ կրակոցներ չկան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քաղաքի ինքնապաշտպանական ուժերի անցակետերը, այդ թվում նաեւ` Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքի մոտ, բարձր ռազմական պատրաստվածության ռեժիմով են գործում: Շենքում ներկայումս լրագրողներ են գտնվում:

Քաղաքը, սակայն, ժողովրդական աշխարհազորայինների խոսքերով, «ամբողջովին շրջապատված է» ուկրաինական զինծառայողներով:

Սլավյանսկի ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ «քաղաքի լիարժեք մաքրման գործողությունը» մայիսի 2-ին, ժամը 05:00-ին է սկսվել: «Քաղաքի կենտրոնում ուղղաթիռից դեսանտ է իջեցվել, եւ մարտեր են սկսվել: Ծայրամասերում զրահատեխնիկա է տեղակայվել»,- հայտարարել են նրանք: