Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ձեւավորած նոր կառավարությունը «օլիգարխիայի կառավարություն է»: Այս մասին այսօր` մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Օլիգարխիայի կառավարություն եմ անվանում, մի շարք պարզ պատճառով: Նախ նախարարների զգալի մասը հարում են խոշոր գործարարների շրջանակին եւ ուշագրավ է դառնում նրանց առջեւ դրված խնդիրները: Նոր կառավարության առջեւ դրված խնդիրներն են տնտեսության աճ ապահովելը, հասարակության վստահությունը վերականգնելն ու արտաքին քաղաքականություն վարելը: Սա նշանակում է մի բան, բերեք փողեր Հայաստանի տնտեսության համար, շարունակեք բարեփոխումներ կատարել, որոնք ուղղված կլինեն հասարակության վստահությունը վերականգնելու համար: Այս պարագայում մի բան միանշանակ կարող եմ պնդել, որ այս կառավարությունը չի կարող այս հարցերը լուծել»,- ասաց նա:
Նշենք, որ Տիգրան Սարգսյանը ապրիլի 2-ին հրաժարական էր տվել, իսկ նոր վարչապետ նշանակվել էր Հովիկ Աբրահամյանը ապրիլի 13-ին: Ձեւավորված նոր կառավարության կազմը ամբողջական պարզ կլինի մայիսի 3-ին: դեռ հայտնի չեն Սպորտի եւ երիտասարդության եւ Գյուղատնտեսության նախարարների անունները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























