Կառավարության այսպիսի կազմով Սերժ Սարգսյանը փակուղու առջեւ դրեց Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահներին, ինչպես նաեւ «հրաշալի քառյակին»: Այսօր` մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոր կառավարության մասին այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շատ մեծ ընտրության տեղ թողնված չէ: Հանրապետական կուսակցությունը նախարարներ նշանակեց այնպիսի մարդկանց, ովքեր համարվում են Քոչարյանի կադրեր: Հիմա Քոչարյանն ունի երկու հնարավորություն` կամ լռել, կամ քննադատել իր սեփական կադրերը: Ոնց էլ վարվի Քոչարյանը, ձեռնտու է Սերժ Սարգսյանին: Եթե Ռոբերտ Քոչարյանը կարող է հրաժարվել իր կադրերից, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի մեկից ուղղակի հրաժարվել չի կարող: Նույնը կարող ենք ասել քառյակի մասին: Մի քայլով Սերժ Սարգսյանը տապալեց նրանց` եռօրյա հուժկու հանրահավաքները»,- ասաց նա:
Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելը փակուղի մտցրեց նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
«Հովիկ Աբրահամյանին նշանակելով` Գագիկ Ծառուկյանի առջեւ երկու հարց է դրված` սպասել ու տեսնել, թե ոնց է խորտակվում Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, կամ օգնել, որ չխորտակվի: Ոնց էլ լինի, ձեռնտու է Սերժ Սարգսյանի համար»,- ավելացրեց «Ժառանգության» գլխավոր քարտուղարը:
Նշենք, որ Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները, «հրաշալի քառյակը» բավականին երկար ժամանակ քննադատում էին ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վերջինս ապրիլի 2-ին հրաժարական տվեց, իսկ նրա փոխարեն վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը: Այս նշանակումից հետո քաղաքական որոշ ուժեր եւ գործիչներ չեն շտապում կոշտ գնահատականներ տալ նոր վարչապետի նշանակվելուն:




























