Ռուսաստանի խնդրանքով ԵԱՀԿ ղեկավարությունը փորձում է կապի մեջ մտնել Ուկրաինայի իշխանությունների հետ` Սլավյանսկում իրականացվող ուժային գործողությունը դադարեցնելու նպատակով: Այս մասին տեղեկություն է հայտնել կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը:
«Մենք բոլոր հնարավոր դեմարշներն ենք ձեռնարկում` ԵԱՀԿ-ի ղեկավարության միջամտությունն ապահովելու եւ այդ գործողությունները դադարեցնելու համար»,- ասել է Կելինը:
Նրա խոսքով, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյացարիայի նախագահ եւ արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը փորձում է կապի մեջ մտնել Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի եւ վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկի հետ, իսկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը` ԱԳ նախարար Անդրեյ Դեշչիցայի հետ:
«Ուկրաինացիները սկսել են պատասխանել: Մենք պահանջել ենք, որ գործողությունները դադարեցվեն կամ գոնե` մարդասիրական միջացքներ բացվեն խաղաղ բնակչության ելքի համար: Ավիացիոն թռիչքներ եւս չպետք է լինեն»,- Կելինի խոսքերն է մեջբերել « ՌԻԱ-Նովոստին»:



























