Շիրակի մարզի Ալվար համայնքի ղեկավար, 53-ամյա Արտավազդ Մկրտչյանն այսօր՝ մայիսի 2-ին, վաղ առավոտյան իր վարած «Ինֆինիտի» մակնիշի 170 ԼՏ 47 պետհամարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից մոտ 200 մ եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել մեքենայում: Վարորդ Արտավազդ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով եւ այրվածքներով, տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:
NEWS.am-ի թղթակցին Ալվարի գյուղացիներից մեկը պատմեց, որ գյուղապետը մինչեւ վթարի ենթարկվելը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ 53-ամյա Լուիզա Գաբրիելյանի եւ հարսի՝ 24-ամյա Գայանե Գոմցյանի հետ ու դանակահարել վերջիններիս: Վիճաբանությունից հետո դուրս է եկել տնից, նստել մեքենան ու արագ վարելով՝ հեռացել գյուղից:
Լուիզա Գաբրիելյանն ու Գայանե Գոմցյանը տեղափոխվել են հիվանդանոց: Վերջիններիս վիճակը կայուն ծանր է, NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցից:



























