Եվրոպական միությունը չի քարոզում «ինքներդ էլ գիտեք թե ինչ»: Մայիսի 2-ին նման հայտարարությամբ է հանդես եկել Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը` համեմատելով եվրոպական ինտեգրացիոն կառույցը Մաքսային Միության հետ: Նրա բնորոշմամբ, վերջինս ընդամենը «երեք փոքրիկ դիկտատորների հավաքույթ» է: Ապրիլի 29-ին հավաքվել ու չեն կարողացել դույզն-ինչ առաջընթացի հասնել: «Ընդամենը մեկ բան պարզ դարձավ` ինքնասիրահարված մարդկանց համար մրցակցելը շատ դժվար է: Այդ մարդիկ արհամարհում են ուրիշի կարծիքը եւ բացարձակ դարձնում միայն իրենցը»,- հայտարարել է Հայրիկյանը:
Եվրոպական միությունն, ընդհակառակը, ելման կետը ոչ թե իշխանության, այլ` հասարակության մեջ է ընդունում: «Երբ այնտեղ երկրների միջեւ տարաձայնություն է ծնվում, որպես չափանիշ ընկալվում են ոչ թե սեփական փառասիրական նկրտումները, այլ` մարդու իրավունքները»,- հայտարարել է Հայրիկյանը:
Եվրամիության գլխավոր արժեքը սեփական կարծիքը եւ համոզմունք արտահայտելու ազատության մեջ է կայանում: «Հայ հասարակության մեջ կան այնպիսիները, որոնք գտնում են, թե Եվրամիության հիմքում արատավոր երեւույթներ են ընկած, բայց այդ երեւույթները Եվրամիությունը չի ստեղծել: Եթե մեջդ արատ կա, Եվրոպան դրա հետ կապ չունի: Կարծիքների ազատությունից, մասնավորապես հասարակական հարցման ձեւաչափով, վախենում են նրանք, ովքեր իրենց մեջ կրում են այդ երեւույթները եւ չեն ցանկանում դրանց պատանդը դառնալ: Իսկ քաղաքակրթության զարգացումը դա նույն խոսքի ազատության զարգացումն է: Այստեղ այլընտրանք չի կարող լինել»,- հայտարարել է Հայրիկյանը:



























