Քչերը կսպասեին, որ Հոլոքոստից փրկված մարդը կարող է Հայոց ցեղասպանության հերքման դեմք դառնալ: Միացյալ Նահանգներում գտնվող Սաֆֆոլկի իրավաբանական դպրոցի ուսանողները խիստ զարմացել են` իմանալով, որ կրթարանի վարչակազմը դիպլոմների հանձնման արարողությանը ելույթ ունենալու հրավերք է ուղարկել Աբրահամ Ֆոքսմանին, գրում է «Asbarez»-ը:

Աբրահամ Ֆոքսմանը վաղուց արդեն Հակազրպարտչական լիգայի տնօրենի պաշտոնն է զբաղեցնում: Այս կազմակերպությունը հակասեմիտիզմի, ֆանատիզմի դեմ պայքարով եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում: Սական, միեւնույն ժամանակ, Ֆոքսմանը չի ճանաչում 1915թ. Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում 1,5 մլն հայեր են զոհվել եւ ամեն կերպ խոչընդոտում է ԱՄՆ Կոնգրեսում դրա ճանաչմանը:

Նրա հասցեին ուղղված քննադատությունները հիշյալ հակասությունն են մատնանշում` մարդ, որ փրկվել է մի ամբողջ ռասայի ոչնչացումից, հերքում է մեկ այլ ոչնչացման իրողությունը: Սաֆֆոլկի իրավաբանական դպրոցի ուսանողներից շատերը չեն ցանկանում այդ «երեսպաշտությանը» մասնակցել: Համալսարանի իրավաբանների ազգային համքարության նախագահ Էմի Վիլլիսը «Boston Globe»-ին ասել է, որ Սաֆֆոլկի դպրոցը բազմազանություն մարմնավորող կրթարան է եւ իր գիրկն է առնում բոլոր մարդկանց, սակայն այդ զեկուցողը, «միանշանակ, այդ արժեքները չի մարմնավորում»:

Հիշյալ դիրոքորոշումն իր արտացոլանքն է գտել Ֆոքսմանի ելույթի եւ նրան իրավունքի դոկտորի պատվաբեր տիտղոսի հանձնման մտադրության չեղյալ հայտարարման մասին խնդրագրում, որտեղ նշվում է, որ Ֆոքսմանի ներկայությունը «ոչ միայն վիրավորանք է ուսանողներին եւ նրանց ընտանիքներին, այլ նաեւ` հենց Սաֆֆոլկի իրավաբանական դպրոցի` բազմազանության ապաստարանի հիմքերին»: Նրա ելույթի չեղարկման փաստարկների թվում, ի թիվս այլ խնդիրների, Հայոց ցեղասպանության հերքումն է: