Ներկայիս իշխող Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանը կամաչեր խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ազգային Ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը` մեկնաբանելով ՀՀԿ մամուլի քարտուղար եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի վերջերս հնչեցրած հայտարարությունը:
«Շարմազանովի եւ ներկայումս իշխանության ղեկին կանգնած այլ գործիչները հոգեւոր հայրերն ասում էին` ժողովուրդն ու պարտիան միասնական են` ակնարկելով, թե մեր դեմ խաղ չկա: 90-ականներին նույն բանը Վանո Սիրադեղյանն էր ասում, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը լսում էր ու գլխով անում` իբր տեսեք` ինչ հրաշալի մարդ է: Սակայն նախքան ՀՀԿ իշխանության հավիտենականության մասին հայտարարելը լավ կլիներ` Շարմազանովը մտածեր, թե ով է այդ իշխանության հիմքում: Մի մարդ, որ երեկ Եվրոպային էր գովերգում, այսօր Մոսկվային, իսկ վաղն էլ կարող է արթնանալ ու ասել` Չինաստանի հետ ենք»,- հայտարարել է Հայրիկյանը:
Հիշեցնենք` օրեր առաջ Շարմազանովը հայտարարել էր, թե առաջիկա տասը տարիներին ՀՀԿ-ն կշարունակի պահպանել իր առաջնորդի դերը Հայաստանի քաղաքականության մեջ` շնորհիվ իր կազմակերպվածության եւ քաղաքական ռեսուրսների: «Հայաստանի նախագահն ընդգծել է, որ այն մարդկանց համար, ովքեր իրենց կառավարման բարձր օղակներում են տեսնում, մեկ հիմնական ճանապարհ կա` դեպի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Եթե որեւէ մեկը նախագահի կամ վարչապետի պաշտոնին է հավակնում, ապա այդ ճանապարհը միայն Մելիք-Ադամյան փողոցով է անցնում (իշխող կուսակցության կենտրոնական գրասենյակը)»,- հայտարարել էր Շարմազանովը:




























