Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խումբը դատապարտում է Ադրբեջանում հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի եւ նրա  ամուսին Արիֆ Յունուսի դեմ ճնշումները, գրում է ֆրանս-հայկական  «Nouvelles d'Arménie» ամսագիրը:

«Ձերբակալության իրական պատճառները տիկին Յունուսի եւ նրա ամուսնու հայ-ադրբեջանական հարաբերությունների սերտացմանն առնչվող  նախաձեռնություններն են, ինչպես նաեւ նրանց օտարացումը ալիեւյան ռեժիմից: Տիկին Յունուսը խոստովանել է, որ  ապագայում ինքը սպասում էր նման ձերբակալություն»,– ասել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը:

«Լեյլա Յունուսը հարգված էր Ֆրանսիայում՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված  իր գործունեության համար, եւ նրա տեղաշարժման ազատության սահմանափակումը վիրավորանք է  մեր երկրի համար: Բացի դրանից, այդ քաղաքական ձերբակալությունները մեկուսացված գործողություններ չեն: Դրանք ալիեւյան ռեժիմի՝ բոլորին ահաբեկելու մարտավարության մի մասն են, ովքեր աշխատում են հանուն Ադրբեջանի, Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքացիական հասարակությունների միջեւ խաղաղության եւ սերտացման»,– հավելել է Ֆրանսուա Ռոշբլուանը:

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խումբն ընդգծում է, որ այդ իմաստով նման կամայական ձերբակալությունները սպառնալիքի տակ են դնում երկխոսության փխրուն փորձերը եւ վտանգ ներկայացնում  տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության համար: «Ֆրանսիային, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին պետք է լրջորեն անհանգստացնեն այսպիսի չարաշահումները: Մենք նախագահին կոչ ենք անում Ադրբեջան այցի ժամանակ հիշեցնել այդ երկրին իր պարտավորությունների մասին»,–  նշել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի նախագահը: