Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին մայիսի 6-ին բողոքի ակցիա է անցկացնելու ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի տների առջեւ: Այս մասին NEWS.am-ին ասաց ակտիվիստը:

«Պահանջում եմ ներկայացնել հրապարակային հաշվետվություն ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում ՀԱԿ-ի կատարած աշխատանքների վերաբերյալ: Ես նրանց ընտրել եմ որպես պատգամավոր, հիմա էլ իրավունք ունեմ պահանջելու հրապարակային հաշվետվություն»,- ասաց նա:

Ապրիլի 6-ից ՀՀ նախագահի առանձնատան առջեւ պիկետ անցկացնող Վարդգես Գասպարին հրապարակային հաշվետվության վերաբերյալ ֆեյսբուք սոցիալական ցանցով դիմել էր ՀԱԿ ներկայացուցիչներին սակայն ստացել էր միայն «արի, հանդիպենք, խոսենք»:

«Ինձ հանդիպում պետք չի, ինձ հաշվետվությունն է հարկավոր»,- ավելացրեց նա:

Նշենք, որ Ստեփան Դեմիրճյանի տան մոտ Վարդգես Գասպարին գնալու է ժամը 13:00-ին: