Թռչնաբուծական ոլորտն աջակցեց Մայդանին` Ուկրաինայում տիրող կոռուպցիայի պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին նշել է Ուկրաինայի թռչնաբույծների եւ կերարտադրողների միության համանախագահ Վյաչեսլավ Խաչատուրյանը:
Յանուկովիչի իշխանավարման չորս տարիներին, նրա գնահատմամբ, պետությունը ոլորտի համար գործնականում ոչինչ չի արել: «Դե այո, ոտքի էին կանգնում, շնորհակալություն հայտնում: Բայց դրանք ընդամենը բառեր էին: Եթե չեն օգնում` թող գոնե չխանգարեն: Իսկ մենք խեղդվում էինք կոռուպցիայից ու քաղաքականությունից»,- նշել է Վյաչեսլավ Խաչատուրյանը:
Հարցին ի պատասխան, թե արդյոք ուկրաինական արտադրանքը կարող է բրազիլականի կամ ամերիկյանի հետ մրցակցել` հաշվի առնելով այդ երկրներում էժան կերի առկայությունը, Խաչատուրյանը նկատել է. «Իսկ ինչո՞ւ է այն էժան: Որովհետեւ այնտեղ գործնականում կոռուպցիա չկա: Մեզ մոտ` Ուկրաինայում, Բելառուսում, ամենաէժան կերը պետք է լինի: Ախր այնպիսի հող ունենք, այնպիսի բերք է ստացվում: Իսկ թե գործնականում ինչպես է ստացվել` արդեն ասացի»,- հայտարարել է նա:




























