Մեծ Բրիտանիայում հասարակայնության հետ կապերի ամենահեղինակավոր մասնագետին ութ տարվա ազատազրկման են դատապարտել 1977-1984թթ. անչափահաս աղջիկների հանդեպ այլասերված գործողությունների համար։
71-ամյա Մաքս Քլիֆորդը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման` անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար: Դատարանը կարծում է, որ նախկինում պատժից խուսափել դատապարտյալին օգնել էր հասարակական իր դիրքը: Կես տարի առաջ մի քանի կին ոստիկանությանը բողոքել էին, որ նախորդ տասնամյակներում Քլիֆորդն իրենց կամքին հակառակ բռնի սեռական գործողությունների է պարտադրել եւ խոստացել օգնել կարիերա անել կինոյում եւ շոու բիզնեսում: Այն ժամանակ տուժածները վախեցել էին դիմել օրենքին, մտածել էին, որ իրենց չեն հավատա: Քլիֆորդը նրանց ասածները երեւակայության արգասիք է անվանում եւ կարծում է, որ պարզապես ցանկանում են իրենից փոխհատուցում ստանալ:


























