Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում կատարված չարաշահումների համար աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը ոչ թե պետք է խիստ նկատողություն ստանար, այլ նրա դեմ քրեական գործ պետք է հարուցվեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության աշխատակիցների եւ երեխաների շահերը պաշտպանող Տիգրան Հայրապետյանը:
«Ողջունելի է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է գիշերօթիկ հաստատություն, տեղում ծանոթացել խնդրին, սակայն տնօրենին ազատելու կամ էլ փոխնախարարին նկատողության տալու փոխարեն լավ կլիներ նրանց դեմ քրեական գործ հարուցվեր, մեղադրանք առաջադրվեր, որովհետեւ նրանք բռնություն են գործադրել երեխաների նկատմամբ, ավելորդ մարդկանց են ներգրավվել դպրոցի աշխատանքների մեջ, որպեսզի բյուջեից ավել գումար ստանան, բավականին մեծ գումարներ են հափշտակվել: Եթե պաշտոնեական դիրքերը չարաշահելու վերաբերյալ գործ հարուցվել է, ապա դեռեւս ոչ մի խոսակցություն չի եղել երեխաների ծեծի վերաբերյալ, չնայած որ մենք մեր հաղորդման մեջ այդ մասին նշել ենք»,- ասաց նա:
Տիգրան Հայրապետյանը համոզված է, որ վարչապետի այս ուշադրությունից հետո քննչական մարմինը պետք է օբյեկտիվ եւ խորը քննություն անցկացվի, հարցաքննվեն բոլոր երեխաներն ու մանկավարժները, սակայն միայն փաստաբանների եւ հոգեբանների ներկայությամբ:
«Հնարավոր է՝ երեխաների վրա ճնշում գործադրեն, որ քննիչներին ասեն՝ իբր իրենց չեն ծեծել, դրա համար շատ կարեւոր է, որ հարցաքննությունն անցնի փաստաբանների եւ հոգեբանների ներկայությամբ, որպեսզի երեխաներն իրենց պաշտպանված զգան եւ հանգիստ խոսեն: Հենց օրինակ Ֆիլարետ Բերիկյանը հանդիպել է երեխաների հետ, խոսել, փորձել հասկանալ, թե ով է այս չարաշահումների մասին հայտնել մեզ, սակայն երեխաներից եւ ոչ մեկը ոչինչ չի ասել, ինչպես նաեւ հերքել են, թե իրենց ծեծել են»,- ավելացրեց փաստաբանը:
Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում կատարվածն ամբողջական բացահայտելու համար փաստաբանը կարծում է, որ պետք է նաեւ հասարակական կազմակերպությունների ուշադրությունն ու աջակցությունը: Տիգրան Հայրապետյանն ընդգծում է, որ կրթության եւ գիտության նախարարությանը կից ստեղծված հասարակական կազմակերպությունների դիտորդական խումբն օրինակ հրաժարվում է իրենց օգնել. «Հիշեմ մի դեպք: Մոտ հինգ տարի առաջ Նուբարաշենի հատուկ դպրոցում ավելի ծանր դեպք եղավ. Երեխաներին ոչ միայն ծեծել էին, այլեւ անառակաբարո գործողություններ էին եղել նրանց նկատմամբ: Փորձ արվեց նախաքննական մարմիններին այլ ուղությամբ տանելու, քրեական գործ հարուցվեց այն աղջկա նկատմամբ, որը բացահայտել էր այս դեպքը: Սակայն լրագրողների եւ քաղաքացիների ճնշման տակ Էրեբունիի բաժնից գործը փոխանցվեց Երեւանի կենտրոնի բաժին, որտեղ էլ իրականությունը բացահայտվեց եւ իրական մեղավորները պատժվեցին: Հենց այս դեպքից հետո ԿԳ նախարարությունում ստեղծվեց դիտորդական խումբ, որի կազմի մեջ ավելի քան 10 հասարակական կազմակերպություն կա: Սակայն նրանք իրենց գործը մեղմ ասած լավ չեն կատարում, քանի որ Բյուրեղավանի այս դեպքը հենց իրենք պետք է բացահայտեին, սակայն նույնիսկ հիմա, երբ ամբողջ Հայաստանն այս մասին գիտի, նրանք նորից հրաժարվում են միանալ մեզ: Ընդամենը մեկ-երկուսը մեզ միացան, իսկ մյուսները դեռ լռում են, սակայն այդպես չպետք է լիներ»:
Հիշեցնենք, որ ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ ապրիլի 4-ին բաց նամակ էին տարածել հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնություն գործադրելու, ֆինանսական ապօրինությունների, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու հովանավորչությունից օգտվելու վերաբերյալ: Լրատվամիջոցները եւ սոցիալական կայքերը արագ արձագանքել են դրան, այցեր կատարել հաստատություն ու հարցազրույցներ վերցրել աշխատակիցներից ու երեխաներից: Ըստ ոստիկանության՝ ապրիլի 11-ին գործ է հարուցվել մամուլի հրապարակումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Մայիսի 2-ին անակնկալ հաստատություն է այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որի այցից ժամեր անց աշխատանքից ազատվել է գիշերօթիկ դպրոցի տնօրենը, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը ստացել է խիստ նկատողություն:




























