Միացյալ Նահանգները համաձայն չեն Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշման հետ եւ մտահոգված են հարեւան երկրում նրա ծավալած գործողություններով, սակայն նրան իրեն հակառակորդ, կամ առավել եւս թշնամի չեն համարում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, փոխծովակալ Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ամերիկացի դիվանագետ Ալեքսանդր Վերշբոուի վերջերս կատարած հայտարարությունները:

Լրագրողները հարցրել ե Քիրբիից՝ կիսում են արդյոք Ռուսաստանի վերաբերյալ նման կարծիքը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերը:

«Հարաբերություններն այնպիսի երկրների հետ, ինչպիսին Ռուսաստանը կամ Չինաստանն են, կրում են շատ ավելի լայն ու երբեմն բարդ բնույթ,- պարզաբանել է նա:- Պատճառներ չկան, որպեսզի մենք Ռուսաստանին թշնամի համարենք: Պատճառներ չկան, միայն եթե Ռուսաստանն ինքը չկամենա այդպիսին դառնալ», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: http://itar-tass.com/mezhdunarodnaya-panorama/1163495

Միեւնույն ժամանակ նա պնդում էր, որ ԱՄՆ-ի կարծիքով, Ռուսաստանի վերջին գործողությունները չեն նպաստում գործընկերային հարաբերությունների պաշտպանությանը երկու երկրների միջեւ: «Ուստի այժմ Մոսկվան ինքը պետք է որոշում ընդունի այն մասին, թե ինչպիսի հարաբերություններ է ունենալու միջազգային հարնրության հետ: Ռուսաստանն այժմ հնարավորություն ունի վերջ տալ ինքնամեկուսացմանը, միանալ միջազգային հասարակությանը, հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու դադարել սպառնալ Եվրոպայի կայունությանը»,- ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: