Բյուրեղավանի գիշերօթիկ հասատատությունում կատարված չարաշահումների համար խիստ նկատողություն ստացած աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանն ընդունում է, որ ցանկացած աշխատանքի մեջ հնարավոր են թերացումներ, սակայն թե կոնկրետ ինչում է ինքը թերացել, վարչության պետը հրաժարվում է մեկնաբանել՝ ընդգծելով, որ քննությունն ամեն ինչ կպարզի:

«Աշխատանք է, բնականաբար աշխատանքի մեջ կարող են լինել թերություններ, եւ հնարավոր է աշխատանքի մեջ լինեն թերացումներ, աշխատանք է, կյանք է, ամեն ինչ էլ պատահում է: Բացթողումներ էլ կարող են լինել, թերություններ էլ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Հարցին՝ արդյոք վարչության պետն ընդունում է, որ թերացել է իր աշխատանքում, Լալա Ղազարյանը պատասխանեց. «Ավելի լավ է այդ հարցին պատասխանել, երբ պարզ կլինի քննության արդյունքները, քննչական մարմինը զբաղվում է այս խնդրով եւ ամեն ինչ շուտով պարզ կլինի»:

Լալա Ղազարյանը նշեց, որ ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Գայանե Մարգարյանին ճանաչում է դեռ 2007թ.-ից եւ իրենց միջեւ եղել են միայն աշխատանքային հարաբերություններ:

«Ի՞նչ մտերմության, բարեկամության մասին է խոսքը, ինքը նախարարության ՊՈԱԿ-ի տնօրեն է եղել եւ այդպես շփվել ենք»,- ընդգծեց վարչության պետը:

Հիշեցնենք, որ ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ ապրիլի 4-ին բաց նամակ էին տարածել հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնություն գործադրելու, ֆինանսական ապօրինությունների, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու հովանավորչությունից օգտվելու վերաբերյալ: Լրատվամիջոցները եւ սոցիալական կայքերը արագ արձագանքել են դրան, այցեր կատարել հաստատություն ու հարցազրույցներ վերցրել աշխատակիցներից ու երեխաներից: Ըստ ոստիկանության՝ ապրիլի 11-ին գործ է հարուցվել մամուլի հրապարակումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Մայիսի 2-ին անակնկալ հաստատություն է այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որի այցից ժամեր անց աշխատանքից ազատվել է գիշերօթիկ դպրոցի տնօրենը, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն ու նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը ստացել էին խիստ նկատողություն: