Լոռիում արդեն 12 օր անհետ կորած 77-ամյա Վլադիմիր Մկրտչյանին որոնելու աշխատանքներն այսօր՝ մայիսի 3-ին, վաղ առավոտյան վերսկսվել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կորածի հարազատներից՝ Վարդան Մկրտչյանը:

«Այսօր էլ գնում ենք՝ Ձորագետն ու Դեբեդը նայենք: Մեր գետը գնում խառնվում է այդ երկու գետերին, մտածում ենք՝ միգուցե այնտեղ լինի»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ որոնողական աշխատանքներին մասնակցում են ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցներն ու ԱԻՆ փրկարարները:

Նշենք, որ Վլադիմիր Մկրտչյանին որոնելու աշխատանքներին միացել է նաեւ Վրաստանի ոստիկանությունը, ինչպես նաեւ էքստրասենսները, որոնց համոզմամբ՝ քաղաքացին մեկի տանը վիրավոր պառկած է:

Հիշեցնենք, որ 77-ամյա Վլադիմիր Մկրտչյանը վերջերս էր Հայաստան վերադարձել ու ապրիլի 21-ին գնացել էր Լոռու մարզի Սվերդլով գյուղ՝ ծնողների շիրիմին այցելության եւ մանկությունն անցկացրած տարածքներում շրջելու, որից հետո անհետացել էր: Վերջին անգամ նրան տեսել էր Սվերդլովի հովիվներից մեկը: