Թուրքիայում Էրզինջան նահանգի նախկին գլխավոր դատախազ Իհլան Ջիհաների, Թուրքիայի 3-րդ բանակային հրամանատար Սալդըրայ Բերքի եւ եւս 12 հոգու նկատմամբ առաջադրված «Էրգենեկոն» զինված խմբավորման անդամ լինելու մեղադրական զեկույցի ներկայացման ժամանակ կասկածյալ գեներալը ներկա չի եղել, սակայն ռազմական 2 կործանիչ ինքնաթիռներ է «ուղարկել»:
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ` Էրզրումի 2-րդ ծանր հանցագործությունների գծով դատարանում հիշյալ գործի շրջանակներում առաջին դատավարության ընթացքում աչքի է ընկել այն հանգամանքը, որ դատական նիստին չի ներկայացել գործով թիվ մեկ կասկածյալներից 3-րդ բանակային հրամանատար Սալդըրայ Բերքը: Իսկ դատալսման ժամանակ դատարանի վրայով փոքր բարձրության վրա թռիչք են իրականացրել 2 ռազմական F-16 կործանիչներ:
Հենց դատական նիստի պահին դատարանի վրայով ռազմական կործանիչների թռչելու հանգամանքը Թուրքիայում քննարկումների առիթ է դարձել: Հիշյալ դեպքի առնչությամբ` օդուժի հրամանատարությունը հայտարարել է, թե կործանիչները պարզապես զինավարժություն են իրականացրել, եւ անթույլատրելի է այն կապել հիշյալ դատական գործընթացի հետ:



























