Սպորտի եւ երիտասարդության նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս է եկել ընդամենը երկու ամիս առաջ, երբ Եվրոպայի օլիմպիական կոմիտեից աշխատանքի առաջարկ է ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Փաստ է, որ այս պահին Գաբրիել Ղազարյանը ոչ կուսակցության, ոչ էլ քաղխորհրդի անդամ է: Նա կուսակցությունից դուրս է եկել երկու ամիս առաջ, երբ Եվրոպայի օլիմպիական կոմիտեից աշխատանքի առաջարկ է ստացել»,- ասաց նա:

Թե ինչու այդ դեպքում Գաբրիել Ղազարյանը չի տեղափոխվել Եվրոպա, այլ նշանակվել է նախարար, մեզ չհաջողվեց պարզել: Նորանշանակ նախարարն արդեն տեւական ժամանակ անհասանելի է:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը տեղյակ չէ՝  Ղազարյանը կուսակցության անդամ եղել է, թե ոչ:

«Գաբրիել Ղազարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չի, «Բարգավաճ Հայաստանը» նախարարներ չի նշանակում, իսկ նախկինում տեղյակ չեմ, եղել է, թե ոչ»,- ասաց նա:

Մեր հարցին՝ ինչպես է գնահատում նոր նախարարի նշանակումը, պատգամավորը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, թե իրենց կուսակցությունը չի մասնակցում նոր կառավարության ձեւավորմանն ու հետեւաբար սխալ է գնահատականներ տալը:

Նշենք, որ Գաբրիել Ղազարյանը բասկետբոլիստ է եւ 2006 թվականից Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահն է: Հարկ է նշել նաեւ, որ նոր նախարարը Ֆիզիկական կուլտուրայի պետական հայկական ինստիտուտի պրոռեկտոր Ֆելիքս Ղազարյանի որդին է:

Հիշեցնենք, որ Գաբրիել Ղազարյանը մինչեւ այս նշանակումը զբաղեցնում էր ՀԱՕԿ-ի սպորտվարչության պետի պաշտոնը: Նախարարի պաշտոնում նա փոխարինել է ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին, որն իր պաշտոնավարման ընթացքում մի քանի աղմկահարույց սկանդալների մեջ էր ընկել: