Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպել է երկրի Գերագույն հումանիտար հանձնաժողովի անդամների հետ, որը գլխավորում է երկրի սոցիալական հարցերով նախարար Քինդա Աշ Շամաթը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Նախարարների խորհրդի նախագահ Վայիլ Ալ Հալկին: Քննարկվել են հանձնաժողովի ձեռնարկած քայլերը` երկրի բոլոր նահանգներում ճգնաժամից տուժած քաղաքացիներին հումանիտար օգնություն ապահովելու համար, ինչպես նաեւ հումանիտար հարցերով զբաղվող նախարարությունների, պետհաստատությունների եւ հասարակական կազմակերպությունների դերը, փոխանցում է ՍԱՆԱ-ն:

Նախագահ Ասադը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս հումանիտար հարցին` ընդգծելով բոլոր հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը՝ քաղաքացիներին կացարանով, սնունդով եւ դեղորայքով ապահովելու համար: Նա ընդգծել է, որ պետությունը պարտավոր է աջակցություն ցուցաբերել եւ հոգալ բնակչության կարիքները ոչ միայն անվտանգ վայրերում, այլեւ  ահաբեկիչների արգելափակած նահանգներում: Սիրիայի նախագահը նաեւ նշել է, որ նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել այս ուղղությամբ, եւ կառավարությանը հաջողվել է տարհանել  շրջափակման մեջ գտնվող քաղաքացիներին, ապահովել նրանց ժամանակավոր կացարաններով: