Լոռիում շարունակում են որոնել ապրիլի 21-ից անհետ կորած 77-ամյա Վլադիմիր Մկրտչյանին: Այս մասին NEWS.am-ին ասաց ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Արսեն Աղումյանը:

«Որոնողական աշխատանքները շարունակվում են ու կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ կգտնենք կամ ստույգ տեղեկություն կստանանք: Գետը 10 կմ երկարությամբ նորից նայել ենք, ոչինչ չենք գտել: Ստեփանավանից մինչեւ Երեւան ընկած տարածության բոլոր քաղաքների հիվանդանոցներում հարցուփորձ ենք արել, նորից ոչ մի արդյունք»,- ասաց նա:

Նշենք, որ հարազատները դիմել էին էքստրասենսի, որը նրանց փոխանցել էր, թե 77-ամյա ծերունին վիրավոր պառկած է ինչ-որ մեկի տանը: Ոստիկանները մոտակա բոլոր գյուղերի տները ստուգել են, սակայն նորից ապարդյուն:

Հիշեցնենք, որ 77-ամյա Վլադիմիր Մկրտչյանը վերջերս էր Հայաստան վերադարձել ու ապրիլի 21-ին գնացել էր Լոռու մարզի Սվերդլով գյուղ՝ ծնողների շիրիմին այցելության եւ մանկությունն անցկացրած տարածքներում շրջելու, որից հետո անհետացել էր: Վերջին անգամ նրան տեսել էր Սվերդլովի հովիվներից մեկը: