Հայաստանում տիրող անօրինականության մթնոլորտում սահմանադրական փոփոխությունների անցկացումը ժամանակավրեպ է, իսկ կառավարման նախագահական համակարգից հրաժարվելը ազգային դավաճանությանը համազոր հետընթաց:  Այս մասին նշվել է մայիսի 3-ին, Երեւանում կայացած «Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի հավաքի ժամանակ:

ՆԺԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հավաքին մասնակցել են նաեւ ՆԺԿ համակիր բազմաթիվ անվանի մտավորականներ:

Քննարկման առանցքային թեման կուսակցության դիրքորոշումն էր Հայաստանի առջեւ ծառացած  ներքին եւ արտաքին մարտահրավերներին: «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հանգամանալից ներկայացնելով վերջին ժամանակներում էլ ավելի խորացող լրջագույն աշխարհաքաղաքական հակամարտությունները, համոզմունք է հայտնել,  որ Հայաստանյան քաղաքական դաշտում ցավալիորեն չի գիտակցվում դրանցով պայմանավորված մեր երկրի առջեւ ծառացող բարդագույն խնդիրները: 

Ժողովը գտնում է, որ Հայաստանում արմատական բարեփոխումներն այլընտրանք չունեն, ինչը հնարավոր է բացառապես հեղափոխական ճանապարհով, որը իր բնույթով պետք է լինի թավշյա: Ցանկացած այլ գործընթաց ՆԺԿ-ի կողմից դիտվում է անընդունելի: