Ադրբեջանի իշխանությունները շարունակում են «լրտեսների որսը»: Գործն այս անգամ Ռաուֆ Միրկադիրովի` Անկարայում գտնվող բնակարանի խուզարկությանն է հասել:
Ինչպես «Թուրան» գործակալությանը լրագրողի կինը` Ադելյա Բաբախանովան է հայտնել, կիրակի կեսօրին Անկարայում գտնվող բնակարանում, որտեղ ձերբակալված լրագրողի կինն ու երեխաներն են բնակվում, թուրքական հատուկ ստորաբաժանումների կողմից խուզարկություն է անցկացվել: Ներկայացած 11 օրինապահները Բաբախանովային հայտնել են, որ խուզարկությունը Ադրբեջանի իշխանությունների ներկայացրած հայցին ընդառաջ է իրականացվում: Խուզարկության ընթացքում մի շարք փաստաթղթեր եւ էլեկտրոնային կրիչներ են առգրավվել` ներառյալ լրագրողի դստեր պլանշետը: Այնուհետեւ բնակարան է այցելել Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը` Բաբախանովային ամուսնու գործունեության վերաբերյալ քննելու նպատակով:
Լրագրողի կնոջ շուրջ 5 ժամ տեւած հարցաքննությունը դեսպանատան շենքում է շարունակվել` առանց փաստաբանի ներկայության: Հարցաքննության ողջ ընթացքում կնոջ մոտ է գտնվել նրա մանկահասակ դուստրը: Բաբախանովան հրաժարվել է ստորագրել հարցաքննության արձանագրությունը` պահանջելով փաստաբան տրամադրել:
Հիշեցնենք, որ «Զերկալո» թերթի մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը, ով Հայաստանի օգտին լրտեսության մեջ է մեղադրվում, ապրիլի 19-ին արտաքսվել էր Թուրքիայից, իսկ Բաքվի օդանավակայանում արդեն` ձերբակալվել:




























