Ամերիկյան Թեքսասի նահանգապետ Ռիք Փերրին չի բացառել, որ կառաջադրվի 2016 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում:

Հաղորդվում է, որ Փերրին պայքարել է 2012-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ներկայացնելու համար եւ մի պահ նույնիսկ մրցավազքի առաջատարն է եղել, սակայն քարոզարշավի ընթացքում նա մի քանի սխալներ է թույլ տվել, ինչը զգալիորեն նվազեցրել է նրա վարկանիշը եւ ստիպել հրաժարվել հետագա պայքարից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ Ամերիկան մի տեղ է, որտեղ մարդկանց երկրորդ շանսն է տրվում: Բնավորության ուժը դրսեւորվում է նրանում, որ պարտություն կրելով առաջ ընթանաս»,-հայտարարել է 64-ամյա Փերրին՝ NBC-ին տված հարցազրույցում:

Թեքսասի նահանգապետի պաշտոնը Փերրին զբաղեցնում է արդեն 13 տարի: 2000 թվականին նա այդ պաշտոնում փոխարինել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին:

Ավելի վաղ ապրիլին Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը (Ջորջ Բուշ կրտսերի եղբայրը) նույնպես չէր բացառել, որ կառաջադրվի 2016-ին կայանալիք ընտրություններում:
Դեմոկրատական կուսակցությունից առավել հավանական թեկնածուներ են համարվում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: