Սպորտի եւ երիտասարդության նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը ուժեղ կազմակերպիչ է, շատ կոփված եւ վստահաբար նա հրաշալի կկատարի իր նոր աշխատանքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, որի ֆեդերացիայի փոխնախագահը հենց Գաբրիել Ղազարյանն էր:

«Արտակարգ անձնավորություն է որպես մարդ, բարձր մակարդակի մասնագետ է, ուժեղ կազմակերպիչ, շատ կոփված, գիտությունների թեկնածու է, դոցենտ: Վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: Պետք է նշեմ, որ տաժանակիր աշխատանք է իրեն սպասվում, ինքը մեծ աշխատանք պիտի կատարի, որ կարողանա մի բան փոխել, հեշտ է կողքից նայել ու գնահատականներ տալը, սակայն իրականում բարդ աշխատանք է»,- ասաց նա:

Ֆեդերացիայի նախագահն իր աշխատակցի՝ նախարար նշանակվելու մասին իմացել է մայիսի 3-ին, ուրախ է իր գործընկերոջ համար եւ հույս ունի միասին աշխատել:

«Օլիմպիական կոմիտեն եւ սպորտի նախարարությունը տարբեր գործառույթներ են կատարում, սակայն տեղեր կան, որ խաչվում են: Անձերից շատ բան է կախված եւ որոշ ժամանակ հետո կարելի է արդեն ասել, թե միասին ինչ աշխատանքներ կկատարենք»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչու ՀԱՕԿ-ը սպորտի նախարարության հետ չէր աշխատում, այն ժամանակ երբ նախարար էր Յուրի Վարդանյանը, Ռոստոմյանն արձագանքեց . «Յուրի Վարդանյանն էլ նախարար չի, լավ է աշխատել, վատ է աշխատել, իր գնահատականը տվել եմ, գնացողների հետեւից չեմ խոսում, իսկ Գաբրիել Ղազարյանի հետ երկար տարիներ աշխատել եմ, կարծում եմ, որ լավ նախարար է լինելու: Ամեն ինչ լավ կլինի: Ամեն դեպքում նրա շատ գործ է սպասվում, մասսայական սպորտը պրավալ է, իսկ մանկապատանեկանում հաջողություններ ունենք»:

ՀԱՕԿ-ում նորանշանակ նախարարին ժամանակավորապես փոխարինելու է Գագիկ Բորշիկյանը, իսկ այլ կադրային փոփոխություններ կոմիտեում դեռ չկան: Ռոստոմյանի խոսքով՝ Գաբրիել Ղազարյանը ոչ մեկին չի տարել նախարարություն:

Նշենք, որ Գաբրիել Ղազարյանը բասկետբոլիստ է եւ 2006 թվականից Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահն է: Հարկ է նշել նաեւ, որ նոր նախարարը Ֆիզիկական կուլտուրայի պետական հայկական ինստիտուտի պրոռեկտոր Ֆրունզ Ղազարյանի որդին է:

Հիշեցնենք, որ Գաբրիել Ղազարյանը նախարար է նշանակվել մայիսի 3-ին՝ փոխարինելով Յուրի Վարդանյանին, որը միշտ լարված հարաբերություններ է ունեցել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: